Կյանք: Բա՞ռ է սա, թե՞ մի խորը իմաստ պարունակող երևույթ: Կարո՞ղ եք պատասխանել հարցիս: Իհարկե՝ ոչ: Ասեմ՝ թե ինչու: Կյանքը ընթացք է, որի մասին ցանկացածը չի կարող խորհել: Մարդ կա, որ դա ընդունում է որպես բառ, մարդ էլ կա, այն գիտակցում է իբրև անեզր սահման : Երկուսն էլ ճիշտ են, քանի որ յուրաքանչյուրի կարծիքը իր համար ճիշտ է և դրան դեմ դուրս գալը ուղղակի անիմաստ է: Դե, ըստ իս, կյանքը մի մեծ, շա՜տ մեծ, աննկրագրելի մեծ խորություն է, որ ինչքան էլ փորձես բացել նրա գաղտնիքը, միևնույն է, չես կարողանա, որովհետև...: Այս հարցի պատասխանը ինքս էլ չունեմ:
Հիմա եկենք մի քիչ մտածենք նրա լավ և վատ, ուրախ և տխուր կողմերի մասին: Դե, լավ և ուրախ կողմերը կարող ենք չքննարկել, քանի որ այն փաստը, որ մենք ապրում ենք, արդեն իսկ շատ ուրախալի է և լավ: Մտածենք կյանքի վատ կողմերի մասին: Գլխավոր վատ կողմը՝ անհավասարությունն է: Մարդկանց անհավասարության պատճառով տարբեր երկրներում լինում են ինքնասպանություններ: Որոշներին կարելի է ամեն ինչ, իսկ մնացյալին՝ ոչինչ: Մեկը կարող է մեկ րոպեում աշխատել այնքան գումար, որքան մյուսը մի քանի օրում: Մեկը կարող է վարել 100 և ավելի կմ/ժ արագությամբ, դա էլ այն դեպքում, որ արագությունը չպետք է գերազանցվի 60 կմ/ժ-ը: Իսկ երբ մյուսի տրված արագությունը գերազանցի ընդամենը 1 կմ/ժ-ով, անմիջապես կտուգանվի: Այդպիսի անհավասարության պատճառը հարուստների, նախագահների, պատգամավորների արտոնություններն են: Ուզում եմ, որ լինի հավասարություն, բայց վստահ եմ, որ նույնիսկ աշխարհն էլ դեմ դուրս գա անհավասարությանը, միևնույն է, հաղթելն անհնար է: Դե, հուսով եմ բոլորդ էլ հասկացաք, թե ինչո՞ւ: